Դոնալդ Թրամփը քիչ առաջ կայացած երդմնակալության արարողությունից հետո պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Արարողության առանցքային մասը նորընտիր նախագահի երդմնակալությունն է։
Թեեւ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթել է 2024 թվականի նոյեմբերին, սակայն պաշտոնապես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ համարվեց հետեւյալ խոսքերն արտասանելուց հետո. «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը եւ իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ եւ կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:
Թրամփի երդմանկալությանը նախորդել էր փոխնախագահի թեկնածու Ջի Դի Վենսի երդմնակալության արարողությունը։
ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունը սովորաբար տեղի է ունենում Կապիտոլիումի աստիճանների վրա, սակայն այս անգամ ցրտի պատճառով միջոցառումն անցկացվել է շենքի ներսում՝ ռոտոնդայում։
Մինչ արարողությունը Թրամփը եւ նրա կինը՝ Մելանիան, Սպիտակ տանը հանդիպել են հեռացող նախագահ Ջո Բայդենի ընտանիքի հետ, դա ավանդական միջոցառում է եւ կազմակերպվում է թեյի սեղանի շուրջը։
Արարողությանը ներկա պաշտոնյաների թվում էին բոլոր նախկին նախագահները՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման եւ Ջո Բայդենը։ Ներկա էին նաեւ նախկին փոխնախագահները, սենատորները եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները:
Բացի քաղաքական գործիչներից՝ ներկա են եղել նաեւ այնպիսի խոշոր գործարարներ, միլիարդատերեր եւ տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարներ, ինչպիսիք են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը եւ Մարկ Ցուկերբերգը։
Երդմնակալությունից հետո Թրամփը հանդես է եկել ուղեձով։
«Այժմ սկսվում է Ամերիկայի ոսկե դարը։ Մեզ նախաձելու են բոլոր երկրները։ Մեր ինքնիշխանությունը կվերադարձվի, մեր անվտանգությունը կվերականգնվի։ Ամերիկան ավելի մեծ կլինի, քան երբեւէ եղել է պատմության մեջ։ Վստահության ճգնաժամը, արմատական հայացքները, իշխանությունը ժողովրդից խլող իսթեբլիշմենթը՝ այս ամենը կավարտվի։ Մենք թույլ կառավարություն ունեինք, որը հսկայական գումարներ էր ծախսում օտարների սահմանները պաշտպանելու համար, բայց անտեսում էր սեփական ժողովրդին: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա կրկնվի: Մեր առողջապահական համակարգը չի կարող օգնել սեփական քաղաքացիներին, իսկ կրթական համակարգում, չնայած հսկայական ռեսուրսներին, ուսուցիչներն ատում են իրենց մասնագիտությունը։ Այս ամենը փոխվում է այսօրվանից եւ այն շատ արագ կփոխվի։ Այս պահից Ամերիկայի անկումը կդադարի»,-հայտարարել է ԱՄՆ նոր նախագահը:
Թրամփը հիշատակեց նախնտրական քարոզարշավի ժամանակ իր դեմ կատարված մահափորձը եւ հայտարարել․ «Աստված փրկեց ինձ, որպեսզի ես կարողանամ Ամերիկան նորից մեծ դարձնել»:
Նա 2025 թվականի հունվարի 20-ը անվանել է «Ամերիկայի ազատագրման օր», իսկ վերջին նախագահական ընտրությունները, որոնցում նա հաղթել է, երկրի պատմության մեջ ամենամեծը։
Նորընտիր նախագահը հայտարարել է, որ մի շարք «պատմական» հրամանագրեր է ստորագրելու առաջիկա ժամերին։ Նա խոստացել է ազգային արտակարգ դրություն հայտարարել երկրի հարավային սահմանին եւ միլիոնավոր անօրինական ներգաղթյալների տուն վերադարձնել։
«Մենք կվերականգնենք մեր քաղաքականությունը, որը կոչվում է «մնացեք Մեքսիկայում»,-հայտարարել է Թրամփը եւ խոստացել Մեքսիկայի հետ սահմանին զորքեր ուղարկել։ Նա նաեւ նշել է, որ թմրանյութերի տարածմամբ զբաղվող հանցավոր ցանցերն էլ կհայտարարվեն օտարերկրյ ահաբեկչկան խմբավորումներ։
Թրամփը խոստացել է նվազեցնել գնաճը, զարգացնել ավտոմեքենաների արտադրությունը, բարեփոխել առեւտրային համակարգը եւ ամերիկյան արտադրողներին աջակցելու համար ներմուծման բարձր մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաեւ ստեղծել արտաքին հարկային ծառայություն, որը պետք է «ահռելի միջոցներ հավաքի օտարերկրյա աղբյուրներից»:
ԱՄՆ նոր նախագահը իրեն նաեւ անվանել է խաղաղարար եւ խոստացել վերջ դնել բոլոր պատերազմների, «այդ թվում նրանք, որոնք դեռ չեն սկսվել»։
Թրամփը նաեւ խոստացել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոց, Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը եւ ամերիկացի տիեզերագնացներ ուղարկել Մարս: