Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ մեղադրվող կողմին տրամադրվել են փաստաբաններ եւ թարգմանիչներ։ Նշվում է, որ դատարանը հարցաքննելու է տուժող ճանաչված հարյուրավոր մարդկանց, որոնք, ըստ լրտավականի, «Ղարաբաղում սպանվածների ընտանիքի անդամներն ու հարյուրավոր վիրավորներն են»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին, որը նախատեսված է հունվարի 27-ին։
Արցախի նախկին պետնախարարը նիստի նախօրեին ահազանգել էր, որ բանտում ճնշումների է ենթարկվել, իսկ հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, եւ դրանց տակ իր ստորագրությունները դնելու համար ճնշումների է ենթարկվել: Վարդանյանը նշել էր, որ 400-հատորանոց գործին իր տիրապետած լեզուներով ծանոթանալու հնարավորություն անգամ չի ունեցել: