ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է բանակցություններ սկսի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը («Radio Free Europe/Radio Liberty»):
«Նա պետք է համաձայնագիր կնքի։ Կարծում եմ, նա կկործանի Ռուսաստանը, եթե հրաժարվի համաձայնագրից։ Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա։ Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, շատ լավ կլինի, որ նա ավարտի այս պատերազմը»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ Պուտինի հետ ծրագրում է հանդիպել, երբ ավարտվեն բանակցությունների կազմակերպման աշխատանքները։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մոտ ապագայում կարող է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։
«Ես [Պուտինի հետ] շատ լավ եմ շփվել։ Հուսով եմ, որ նա կցանկանա գործարք կնքել»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նոր նախագահը հավելել է, որ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու ցանկության մասին իրեն հայտնել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է պատերազմն ավարտելու ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կարող է պատերազմն ավարտել հստակ ժամկետում: ԱՄՆ նախագահն ի պատասխան նշել է, որ այդ նպատակին հասնելու համար «դեռ կես օր» ունի։
«Մենք կփորձենք դա անել հնարավորինս արագ։ Գիտեք, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 20-ին հայտարարել էր, որ չի կարող հստակ ժամկետներ նշել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հետ կապված։ Նա Ռուսաստանին անվանել է «ագրեսոր» եւ նշել է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է «ինչ-որ բան» զիջի հակամարտությունը կարգավորելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նախօրեին կայացած Անվտանգության խորհրդի նիստում Թրամփին շնորհավորել էր ԱՄՆ նախագահի պաշտնը կրկին ստանձնելու կապակցությամբ եւ հայտարարել էր, որ Մոսկվան «ողջունում է» հակամարտությունը կարգավորելու, Ռուսաստանի հետ ուղիղ կապը վերականգնելու եւ երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու նրա ցանկությունը։