Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական Մարկո Ռուբիոյի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել է 99 սենատոր, այդ թվում եւ ինքը։ Նա այդ պաշտոնում առաջադրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ դարձել 47-րդ նախագահի կաբինետի առաջին հաստատված անդամը։
Նոր պետքարտուղարը սերում է կուբացի ներգաղթյալների ընտանիքից եւ պահպանողական «Թեյախմության շարժման» առաջնորդներից է։
Իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ դաշնակիցները պետք է ավելի շատ նպաստեն հավաքական պաշտպանությանը:
Նա Հյուսիսատլանտյան դաշինքը կարեւոր է համարել Վաշինգտոնի համար, սակայն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պետք է ունենա ոչ միայն պաշտպանական դաշնակիցներ, այլեւ ունակ դաշնակիցներ»:
21-րդ դարում ԱՄՆ-ի բարգավաճման գլխավոր սպառնալիք Ռուբիոն նշել է Չինաստանին։ Մեկնաբանելով ուկրաինական պատերազմը՝ Ռուբիոն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան պետք է զիջումների գնան խաղաղության հասնելու համար։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես կարծում եմ, որ դա պետք է լինի Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը, մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի։ Դա հեշտ չի լինի եւ կպահանջի համարձակ դիվանագիտություն»,-աել է Ռուբիոն, որի խոսքերը մեջբերում է «Voice of America»-ն: