ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին Սպիտակ տուն վերադառնալուց հետո ստորագրել է տասնյակ գործադիր հրամաններ, այդ թվում՝ չեղյալ հայտարարել Ջո Բայդենի վարչակազմի 78 որոշումները, ասվում է Սպիտակ տան YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում։
Թրամփն իր առաջին գործադիր հրամանները ստորագրել է Capital One Arena-ում, որտեղ նրա հազարավոր համախոհներ հավաքվել էին նշելու երդմնակալության շքերթը:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախորդ նախագահական վարչակազմը «խորապես ոչ ժողովրդական, ինֆլյացիոն, անօրինական եւ արմատական գործունեություն է իրականացրել»: Իր առաջին որոշումներով նոր նախագահը, մասնավորապես, Կուբային վերադարձրել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակ, չեղարկել Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ նախորդ վարչակազմի սահմանած պատժամիջոցները, գնաճի նվազեցման մասին օրենքի «կանաչ» դրույթները եւ պաշտոնյաների համար Քովիդ-19-ի դեմ պատվաստված լինելու պարտադիր պահանջը։ Վերջին որոշմամբ էլ Թրամփը չեղարկել է Փարիզի կլիմայի համաձայնագրի ԱՄՆ-ի մասնակցությունը։
Նոր նախագահի առաջին ստորագրած հրամանագրերի շարքում է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրոհին մասնակցող անձանց վերաբերյալ հրամանագիրը։ Դրա համաձայն՝ «լիարժեք, ամբողջական եւ անվերապահ ներում է շնորհվում» այդ իրադարձությունների մասնակցող շուրջ 1500 մարդու։
Թրամփը ստորագրել է նաեւ ներգաղթյալների դեպորտացիայի մասին որոշումը այն անձանց համար, ովքեր լուրջ հանցագործություններ են կատարել, վտանգ են ներկայացրել ազգային անվտանգության համար կամ կալանավորվել են երկրի սահմանին:
Մեկ այլ գործադիր հրամանագրով էլ Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում ծնվելու փաստով քաղաքացիություն տանալու իրավունքը։ Հատկանշական է, որ այս իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրությամբ եւ հաստատված Գերագույն դատարանի 1898 թվականի որոշմամբ։
ԱՄՆ նոր նախագահը նաեւ գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրվող օգնության ծրագրերը 90 օրով դադարեցնելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ կանցկացվի վերանայում` պարզելու, թե արդյոք օգնությունը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքականության նպատակներին:
«ԱՄՆ-ից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի, մինչեւ որ այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է Թրամփը:
Բացի վերոնշյալից՝ ԱՄՆ նոր նախագահը նաեւ հրամայել է.
- դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ Քովիդ-19 համավարակին սխալ արձագանքելու պատճառով,
- դուրս գալ Փարիզի կլիմայի համաձայնագրից, որը ստորագրվել էր 2015 թվականին կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար,
- վերականգնել մահապատիժը դաշնային մակարդակով,
- հետաձգել TikTok-ի արգելքը 75 օրով,
- Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։