Երեւանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նախորդ տարին հեշտ չէր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր պատրաստ ենք անկեղծորեն քննարկելու օրակարգում առկա բոլոր հարցերը այն մթնոլորտի ոգով, որին աջակցում են մեր ղեկավարները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք կարեւոր են ձեզ համար, կարեւոր են Ռուսաստանի Դաշնության համար։ Վստահ եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել եւ շարունակում ենք արժեւորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի հետ»,- հայտարարել է Լավրովը։
Արդեն երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ էլ ՌԴ արտգործնախարարը, հայտարարելով, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում երկու երկրների համար ապահովում է առեւտրի տպավորիչ ցուցանիշեր։
«Պարզապես խոսեցինք առեւտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ Առեւտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ անցյալ տարի գրեթե 12 մլրդ դոլար, ըստ վիճակագրության։ Եվ մեր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, տալիս է այսպիսի տպավորիչ արդյունքներ»,- հայտարարել է Լավրովը։
«Մենք հուսով ենք, որ դա կնպաստի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանը դրել է իր առջեւ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն այժմ պետք է քննարկվի խորհրդարանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ընդգծել է, որ օրենքի նախագծի ընդունումը չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով։
Արդեն հաջորդ օրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու մասին օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ։