Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ քաղաքական հարցերի շուրջ երկխոսելու՝ ուղղված երկկողմ հարաբերությունների եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։
Արարատ Միրզոյանը, «տեղին» անվանելով հանդիպումը եւ հիշեցնելով, որ նամակի ձեւաչափով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ վերջին հադիպումը կայացել էր 2023 թվականի հուլիսին, նշել է, որ Մոսկվա կատարած այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումների համար։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Երեւանը միշտ հավատարիմ է եղել բաց եւ կառուցողական երկխոսության համար։
«Հուսով ենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջին օրերին»,- հայտարարել է Միրզոյանը։
Միրզոյանի այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել, որը, ըստ Կրեմլի, կայացել էր հայկական կողմի նախաձեռնությամբ։
Ռուսական կողմի հաղորդման համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծի շուրջ զարգացումները, իսկ Պուտինը «տվել է համապատասխան գնահատականներ»:
Սրան էլ նախորդել էր Համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ժամանակ հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի հնչեցրած մեկնաբանությունները՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ։
Հիշեցնենք՝ հաղորդման ժամանակ Կիսիլյովը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ Զանգեզուրի միջանցքը վերջնականապես բացելու Իլհամ Ալիեւի կատեգորիկ պահանջը՝ փոխարենն առաջարկելով իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։
Հաղորդավարը նաեւ հայտարարել էր , որ Հայաստանը «մեծ քանակությամբ զենք է ստանում Ֆրանսիայից՝ ակնհայտորեն պատրաստվելով նոր պատերազմի»։