Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել, հայտնում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարի հայտարարությունը։ Հրդեհից տուժածների թիվը գերազանցել է 50-ը։
Հրդեհը բռնկվել է գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, 12 հարկանի փայտե հյուրանոցի ռեստորանում, որտեղ իջեւանել էր 237 մարդ։ Պատուհաններից խուճապահար ցած նետվելու պատճառով առնվազն երկու մարդ է մահացել։ Ոմանք էլ փորձել են դուրս գալ իրենց սենյակներից՝ օգտագործելով սավաններ եւ վերմակներ։
Բոլուի նահանգի նահանգապետ Աբդուլազիզ Այդինը հայտնել է, որ հրդեհի պատճառները դեռեւս պարզված չեն։ Դեպքի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջ մեքենաներ և շտապօգնության 38 մեքենա։
Հյուրանոցը գտնվում է սարերի լանջին, ինչը դժվարացրել է փրկարարական աշխատանքները։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել միայն 10 ժամ տեւած հրդեհաշիջման աշխատանքներից հետո։