Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Հերզի Հալեւին հայտարարել է, որ հրաժարական կտա 2025 թվականի մարտի 6-ին։
Հալեւին իր հայտարարության մեջ ընդգծում է, որ հեռանում է բանակից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման պատասխանատվությունն ընդունելուց հետո, եւ այն ժամանակ, երբ իսրայելական բանակը «զգալի առաջընթաց է գրանցել եւ գտնվում է պատանդների ազատման համաձայնագրի իրականացման գործընթացում»:
Գեներալը նշել է, որ մինչեւ հրաժարականը նախատեսում է ավարտել հոկտեմբերի 7-ին հարձակման հետաքննությունը եւ ուժեղացնել բանակի անվտանգությունը, իսկ հետո հրամանատարությունը հանձնել իր իրավահաջորդին:
Որոշման մասին նա տեղեկացրել է պաշտպանության նախարար Իսրայել Կացին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Իսրայել Կացին ուղղված նամակում, որը մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները, Հալեւին նշել է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան իր հրամանատարության տակ գտնվող Իսրայելի պաշտպանության բանակը «ձախողել է քաղաքացիներին պաշտպանելու իր առաքելությունը»:
«Իսրայել պետությունը ծանր եւ ցավալի գին է վճարել՝ կորցրած կյանքերով, պատանդ վերցված եւ ֆիզիկապես ու հոգեպես վիրավորված մարդկանցով: [․․․] Այս սարսափելի ձախողման համար իմ պատասխանատվությունը ուղեկցում է ինձ ամեն օր, ամեն ժամ եւ կմնա ինձ հետ ամբողջ կյանքում»,- ասվում է նամակում։
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «աննախադեպ եւ ծավալուն հետաքննության գործընթաց» է իրականացրել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որն իր վերջին փուլում է եւ արդեն կարեւոր դասեր է տվել։
Հելեւիից հետո Իսրայելի պաշտպանության հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յարոն Ֆինքելմանը նույնպես հայտարարել է իր հրաժարականի մասին։ Պատճառը կրկին հոկտեմբերի 7-ի պատասխանատվությունն է։ Նա հավելել է, որ այդ օրը չի կատարել Արեւմտյան Նեգեւը եւ նրա բնակիչներին պաշտպանելու իր պարտականությունը։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր երախտագիտությունն է հայտնել Հելեւիին եւ շնորհակալություն հայտնել Իսրայելի պաշտպանության բանակում ծառայության տարիների ընթացքում ունեցած ավանդի համար։ Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն նույնպես շնորհակալություն է հայտնել Հելեւիին եւ համաձայնել է հանդիպել նրա հետ «մոտ օրերս»։