Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին եւ հանդիպման ժամանակ ընդգծել երկու հարեւան պետությունների միջեւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Հանդիպման մանրամասները հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հարեւան եւ մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ փոխգործակցությունը իր օրակարգում դիտարկում է որպես սկզբունքային քաղաքականություն, եւ այս առումով Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք ձգտում ենք ընդարձակելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահը։
Մատնանշելով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ ներկայում իրականացվող համատեղ ծրագրերը՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրների միջեւ այսպիսի համագործակցությունը Բաքվին եւ Թեհրանին «կվերածեն ռազմավարական գործընկերների»։
Մուստաֆաեւն էլ իր հերթին հայտարարել է, որ անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ջանք չի խնայել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար։
«Մենք նաեւ բարձր ենք գնահատում Իրանի ազդեցիկ դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում եւ կարծում ենք, որ մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր կլինի միայն այս տարածաշրջանի երկրների շնորհիվ։ Արտատարածաշրջանային երկրների ներկայությունն այս հարցում մեզ չի օգնի»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը։
Մուստաֆաեւը նաեւ ընդգծել է, որ իր գլխավորած բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը Թեհրան կատարած այցի ընթացքում ձգտում է ճանապարհային քարտեզ գծելու Իրանի հետ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների հետագա ընդլայնման համար։
«Մենք ցանկանում ենք ռազմավարական համագործակցություն հաստատել երկու երկրների միջեւ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: