Սիրիայի նոր իշխանությունները խզել են ռուսական «Ստրոյտրանսգազ»-ի հետ կնքված Տարտուս ծովային նավահանգստի կառավարման պայմանագիրը, գրում է «Կոմերսանտ»-ը։
Համաձայնագիրը, որը կնքվել էր 2019 թվականին 49 տարի ժամկետով, դադարել է գործելուց, Al-Watan-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Տարտուս նահանգի մաքսային վարչության տնօրեն Ռիադ Ջուդին։
«Տարտուս նավահանգստում ռուսական ընկերության հետ ներդրումների մասին պայմանագիրը չեղարկվել է։ Նավահանգստի գործունեությունից ստացված բոլոր եկամուտները կօգտագործվեն սիրիական պետության շահերին համապատասխան»,-ասել է Ջուդին։
Սիրիայի տրանսպորտի նախկին նախարար Ալի Համուդի խոսքերով՝ փաստաթուղթը նախատեսում էր նավահանգստի կառավարում եւ ռուսական կողմից ավելի քան 500 մլն դոլարի ներդրումներ դրա արդիականացման համար։
Տարտուսում գտնվող ռազմածովային բազան, որը համարվում էր Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը, եւ Լաթաքիա նահանգի Խմեյմիմ ավիաբազան Սիրիայում ռուսական բանակի երկու հիմնական հենակետերն են։
2024 թվականի վերջին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ հույսեր է կապում իր ռազմաբազաների պահպանման հետ։