Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կայացել է «ուկրաինական կողմի խնդրանքի հիման վրա»։
Զելենսկին էլ ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ հադիպման ընթացքում իր ցավակցություններն է հայտնել դեկտեմբերի 25-ին Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետեւանքով ունեցած մարդկային զոհերի կապակցությամբ։
«Վթարի վայրի ապացույցները պարզ են, և անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան ասել ճշմարտությունը»,-ասվում է Ուկրաինայի նախագահի գրառման մեջ:
Զելենսկին նույնպես նշում է, որ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացումը, այդ թվում՝ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման և էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։
«Մենք խորապես գնահատում ենք Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած ողջ օգնությունը։ Շնորհակալություն»,-ասվում է Ուկրաինայի նախագահի գրառման եզրափակիչ մասում։