Պանամայի ղեկավարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հայտնելով, որ մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Պանամայի ջրանցքի սեփականության եւ այն ԱՄՆ վերահսկողությանը վերադարձնելու մտադրության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարում է Պանամայի արտգործնախարարությունը։
«Պանաման նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթում արած հայտարարությունների վերաբերյալ, երբ նա խոստացել էր, որ ԱՄՆ-ը կվերադարձնի Պանամայի ջրանցքը։ Նյու Յորքում ՄԱԿ-ում Պանամայի դեսպան Էլոյ Ալֆարո դե Ալբան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ երկրները պետք է իրենց հարաբերություններում զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից»,- ասվում է լատինաամերիկյան երկրի արտգործնախարարության հայտարարության տեքստում։
Իր երդմնակալության օրը Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդայում, կրկին հայտարարել էր Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին։ Նա պնդել էր, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «հիմար նվեր էր, որը երբեք չպետք է տրվեր»: Թրամփի խոսքերով՝ «Չինաստանն է վերահսկում Պանամայի ջրանցքը»։
Պանամայի ջրանցքը, որը բացվել է 1914 թվականին, կառուցել եւ վերահսկել է Միացյալ Նահանգները։ 1977 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը եւ Պանամայի պետության ղեկավար Օմար Տորիյոսը համաձայնություն կնքեցին ջրանցքը ԱՄՆ-ի իրավասությունից աստիճանաբար հանելու վերաբերյալ, որն ավարտվեց 1999 թվականին։ Պայմանագրով նախատեսվում է ջրանցքը համարել չեզոք եւ հասանելի համաշխարհային առեւտրի համար։