Շիրակի մարզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ընտանի կենդանիների հաշվառման եւ համաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ միջոցառումները:
Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը տեղեկացնում է, որ հակահամաճարակային իրավիճակը Շիրակի մարզում այս պահին կայուն է, չկան կենդանիների հիվանդությունների առանձնակի բռնկումներ: Ոլորտի մարզային պատասխանատուն վստահեցնում է, որ տարվա այս եղանակին՝ մսուրային շրջանում, համաճարակների տարածման վտանգը նվազում է:
Անցած տարի մարզում հաշվառվել է շուրջ 68 հազար խոշոր, 77 հազար էլ մանր եղջերավոր անասնագլխաքանակ: Այս տարի որոշ համայնքներում թիվն ավելացել է, մի քանիսում՝ նվազել: Համայակյանն ասում է՝ ընդհանուր՝ միջին հաշվով գլխաքանակի էական փոփոխություն չի սպասվում, քանի որ անցած գյուղատնտեսական տարին բերքառատ էր, եւ բավարար կերի պաշար կա կուտակած:
Եթե անասնագլխաքանակի էական նվազում լինի, պատճառը կարող են լինել միայն մասսայական տարածվող հիվանդությունները: Սակայն մասնագետները վստահեցնում են, որ հիվանդությունների, մասնավորապես դաբաղի բռնկումների հավանականությունն այս տարի փոքր է: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Ախուրյանի եւ Աշոցքի տարածաշրջանների համաճարակաբան Վահագն Եղիազարյանը եւս մարզի համաճարակային վիճակը «կայուն» է որակում, ասում է՝ առանձնահատուկ, զանգվածային հիվանդությունների տարածման դեպքեր չունենք:
Ըստ համաճարակաբանի՝ տարվա այս եղանակին հողային վարակներն ավելի քիչ են գլուխ բարձրացնում, քանի որ կենդանին վարակվում է հողի հետ անմիջապես շփվելիս, հիմնականում գարնանը եւ ամռանը, օրինակ՝ սիբիրախտ հիվանդությունը: Ի տարբերություն հողային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների՝ դաբաղը տարվա բոլոր եղանակներին միշտ առկա է, քանի որ փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Դաբաղ հիվանդության տարածումը կանխելու համար մասնագետը տնտեսվարողներին խորհուրդ է տալիս, որ անասնագոմերում պահպանեն սանիտարահիգիենիկ կանոնները. «Երբ անասնագոմում աշխատող մարդը նույն՝ չաղտահանած վերնահագուստով կամ կոշիկներով շփվում է կենդանու, այնուհետեւ՝ անասնակերի հետ, հիվանդությունը տարածելու հավանականությունն ավելի է մեծանում»:
Ազատան բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանի տվյալով՝ գյուղում անցած տարի դաբաղ հիվանդության մեկ դեպք է գրանցվել, կազմակերպվել է համապատասխան եղանակով մորթ, եւ կտրվել է հիվանդության շղթան: Այս տարի նմուշառման պատասխանը դեռեւս չկա, բայց հույս ունեն, որ հիվանդ անասուն չեն ունենա:
Հովիտ բնակավայրում վերջին մի քանի տարիներին դաբաղի բռնկումներ չկան: Բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանն ասում է՝ այս տարի եւս անասունների անալիզների պատասխանը բացասական է. չնայած դրան՝ անասնագլխաքանակը պակասել է: Հովիտում շուրջ 500 խոշոր եւ 1300 մանր եղջերավոր անասուններից պակասել է համապատասխանաբար 100 եւ 500 անասնագլխաքանակ: Որպես պատճառ վարչական ղեկավարը նշում է ազգաբնակչության մեծամասնության վարկերով ծանրաբեռնված լինելը:
Թե որքանով պակասած կլինի մարզի անասնագլխաքանակը, եւ տարածված կլինի տարվա այս եղանակին բնորոշ դաբաղ հիվանդությունը, պարզ կլինի հաշվառման վերջնական տվյալներն ունենալուց հետո:
Նշենք, որ դաբաղը ընտանի եւ վայրի երկկճղակավոր կենդանիների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ընթանում է կարճատեւ տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային տարածության, պսակի եւ կրծքի հատվածի մաշկի բշտիկային ախտահարումներով: Այն կարող է տարածվել չափազանց արագ եւ վարակել զգայունակ կենդանիների հոծ խմբերի` մեծ տնտեսական վնաս հասցնելով անասնապահությանը: Դաբաղով կարող են վարակվել նաեւ մարդիկ, հատկապես երեխաները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։