Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է առնվազն 200 հազար խաղաղապահ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ունեցած զրույցում։
Պատասխանելով Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելուց հետո խաղաղապահների թվաքանակի մասին հարցին՝ Զելենսկին նշել է, որ 200 հազարը ամենափոքր թիվն է, որն անհրաժեշտ է, «այլապես որեւէ բան չի հաջողվի»։
«Ես պաշտպանում եմ զորակազմի գաղափարը որպես անվտանգության երաշխիքների մաս, որովհետեւ եթե նրանք ունեն մեկուկես միլիոնանանոց բանակ, իսկ մենք՝ դրանից երկու անգամ քիչ, ապա դա նշանակում է, որ մեզ զորակազմ է պետք՝ զգալի քանակությամբ զինվորականներով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաեւ հայտարարել է, որ հնարավոր խաղաղ բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կպահանջի 5 անգամ կրճատել ուկրաինական բանակը, սակայն Կիեւը թույլ չի տա, որ դա տեղի ունենա։
Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը քննարկվում է 2024 թվականից։ Հարցի շուրջ քննարկումներն ակտիվացան դեկտեմբերի սկզբին, երբ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Reuters-ը հայտնել էր, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Մեծ Բրիտանիայից Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, որի գործառույթը կլինի խաղաղության համաձայնագրի պայմանների կատարմանը հետեւելը, եթե հնարավոր դառնա դրա կնքումը։
Թրամփը, ըստ Reuters-ի, բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին եւ պնդել, որ դա պետք է անեն եվրոպացիները։
Զելենսկին դեկտեմբերի կեսերին հաստատել էր, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է երկրում խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, եւ որոշ առաջնորդներից դրական ազդակներ արդեն կան: