Ստամբուլում 2022 թվականի մարտին Մոսկվայի եւ Կիեւի միջեւ կայացած խաղաղության բանակցությունների ընթացքում ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել ուկրաինացի բանակցողներին՝ պահանջելով, որ Ուկրաինան ղեկավարի ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը։ Այդ մասին Դավոսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԶԼՄ-ների միջազգային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Զելենսկու խոսքով՝ պատերազմի սկզբում նա անձամբ չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ուկրաինական տարածքների օկուպացիայի առաջին օրերին «Ուկրաինայից որոշ մարդիկ» եկել են իր մոտ «ինչ-որ թղթերով» եւ «վերջնագիր փոխանցել Պուտինից»՝ իրենց բանակցողներ անվանելով։
«Նրանք ասացին, որ ես պետք է հրաժարվեմ, ինձ կփոխարինեն ռուսամետ Մեդվեդչուկով, եւ ես այլեւս նախագահ չեմ լինի, ինչն ինձ համար խնդիր չէ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաեւ պատմել է, որ Ռուսաստանն այդ ժամանակ վերահսկողություն էր պահանջել ամբողջ Դոնբասի նկատմամբ եւ փոփոխություններ Ուկրաինայի Սահմանադրության մեջ, ինչպես նաեւ ուկրաինական բանակի թվաքանակի կրճատում եւ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարում։ Բացի այդ՝ Մոսկվան պնդել էր, որ Ուկրաինան պետք է ռուսերենը դարձնի պաշտոնական լեզու եւ ոչնչացնի ավելի քան 20 կիլոմետր հեռահարություն ունեցող բոլոր զինատեսակները։
Ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը գլխավորել է «Ընդդիմադիր հարթակ- կյանքի համար» կուսակցությունը։ Նա բազմիցս է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, որը դարձել է իր դստեր կնքահայրը, որից հետո Մեդվեդչուկին սկսել են անվանել Ռուսաստանի նախագահի «կնքահայր»: 2021 թվականին Ուկրաինայի հատուկ ծառայությունները քաղաքական գործչին մեղադրեցին դավաճանության համար, եւ նրա նկատմամբ տնային կալանք սահմանվեց։
Մեդվեդչուկին հետագայում հաջողվել էր փախչել, սակայն նրան կրկին ձերբակալեցին 2022 թվականի ապրիլին, իսկ սեպտեմբերին Կիեւը նրան հանձնեց Ռուսաստանին՝ փոխարինելով 200 ուկրաինացի ռազմագերիների՝ «Ազովստալի» պաշտպանների հետ։