ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է բարձր մաքսատուրքեր եւ պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին եւ մյուս երկրներին, եթե հրաժարվի Ուկրաինայի հետ մոտ ժամանակներում խաղաղության համաձայնագիր կնքելուց։ Այդ մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նոր նախագահը։
Հրապարակած գրառման մեջ Թրամփը նշում է, որ «չի ցանկանում վնասել Ռուսաստանին»։
«Ես սիրում եմ ռուս ժողովրդին եւ միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել [Ռուսաստանի] նախագահ [Վլադիմիր] Պուտինի հետ՝ չնայած արմատական ձախերի կողմից Ռուսաստանի մասին հորինված առեղծվածներին»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Նա նաեւ հիշեցնում է, որ Ռուսաստանը «օգնել է» Միացյալ Նահանգներին «հաղթանակ տանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ այդ գործընթացում կորցնելով մոտ 60 միլիոն կյանք»։
Կրկին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ Թրամփը նշում է, որ միջնորդությամբ պատրաստվում է «շատ մեծ ծառայություն մատուցել» նախագահ Պուտինին եւ Ռուսաստանին, որի «տնտեսությունը փլուզվում է»։
«Եթե մենք «գործարքի» չգնանք, եւ [դա չանենք] շատ շուտով, ես այլ ելք չեմ ունենա, քան բարձր մաքսատուրքեր, հարկեր եւ պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին եւ մասնակից մյուս բոլոր երկրներին։ Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի: Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, սակայն հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: «Գործարք կնքելու» ժամանակն է։ Այլեւս կյանքեր չպետք է կորսվեն»,-գրել է Թրամփը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում հնչեցրած ելույթների ժամանակ Թրամփը հաճախ էր խոստանում Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնել «24 ժամվա ընթացքում»։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Պուտինը կկործանի Ռուսաստանը, եթե հրաժարվի խաղաղության բանակցություններից։