Հարգելի՛ ընթերցողներ, այսօրվանից ԱԼԻՔ-ը եւ ԱՆԻ կենտրոնը միաժամանակ ներկայացնում են «Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները» հոդվածաշարի առաջին դրվագը: Ինչպես նշել էինք ավելի վաղ, այս մասին այսօր գրելը չափազանց բարդ ու զգայացունց է բազմաթիվ պատճառներով: Բաքվում ունենք պատանդառված հայեր, որոնց դատում է աշխարհի ամենաավտորիտար պետություններից մեկի ավտորիտար առաջնորդի արդարադատությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների եւ միջազգային հանրության ոչ պատշաճ ուշադրության պայմաններում: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե դրվագներով պետք է թղթին ու մեր հանրությանը ներկայացնել մանրամասներ, որոնց մասին մինչեւ այսօր ոչինչ կամ գրեթե ոչինչ չի գրվել՝ տեղ թողնելով ենթադրությունների, հորինվածքների, կիսատ—պռատ ասեկոսեների եւ առասպելների համար:
—-
Ինչպե՞ս է Սամվել Բաբայանին հաջողվել անարգել անցնել Հակարիի կամուրջը, իսկ Դավիթ Բաբայանը տարվել Բաքու: Ինչպե՞ս է Վիտալի Բալասանյանին հաջողվել անվտանգ հեռանալ Արցախից, մինչդեռ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են: Այս հարցերի պատասխանը շատերին է հետաքրքրում: Ավելին՝ այս հարցերը տարբեր կասկածների եւ թունավորող ենթադրությունների տեղիք են տալիս:
Ժամանակն է Արցախի արհավիրքի վերջին ժամերի, վերջին օրերի ու վերջին շաբաթների մասին գրել մի շարք պարզ ճշմարտություններ, որոնք նաեւ կհանեն փոխադարձ կասկածները: Միեւնույն ժամանակ, քանի դեռ ունենք պատանդառված հայեր Բաքվի բանտերում, որոնց ցուցադրական, նվաստացնող դատավարությունները սկսվել են, փորձելու ենք զգույշ, նրբանկատ լինել:
Ադրբեջանցիները չեն ձերբակալել Սամվել Բաբայանին, քանի որ նա չի եղել այն հինգհոգանոց ցուցակում, որը Բաքուն պահանջել է սեպտեմբերի 23-24-ին Ստեփանակերտի հետ շփումների եւ բանակցությունների ընթացքում: Դրանք ավելի շուտ վերջնագրային պահանջներ էին գրեթե մեկ տարի շրջափակումից հյուծված Արցախին, որը նախօրեին կրել էր ադրբեջանական ռազմական մեքենայի հարվածները:
Սամվել Բաբայանը Հակարիի կամուրջն անցել է արցախահայերի առաջին խմբերի հետ: Նա հատուկ հագուստ չի հագել, դեմքը չի շպարել, ինչպես գրեցին որոշ լրատվամիջոցներ: Բայց եթե Բաբայանը լիներ Ադրբեջանի պահանջած հինգհոգանոց ցուցակում, նա, անկասկած, Հակարիում կձերբակալվեր եւ կտարվեր Բաքու:
Բաքվի պահանջած հինգ հոգին էին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Շատերի համար այս ցուցակը կարող է զարմանալի եւ կասկածելի թվալ, բայց Բաքուն հենց այս մարդկանց է պահանջել, ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը պետք է ձերբակալվեին անմիջապես կամ ներկայանային ու հանձնվեին ինքնակամ՝ հայերի տեղահանման ընթացքում:
Դավիթ Բաբայանը դա արել է առաջինը:
Ադրբեջանի հարձակումից, մեկօրյա պատերազմից ու փաստացի կապիտուլյացիայից հետո Արցախի հայությանը այլ ելք չէր մնում, քան փրկել կյանքերը: Ռուս խաղաղապահները դիտորդի դերում էին, իսկ Հայաստանը, պատճառ-հիմնավորում բերելով իր իսկ անվտանգությունը եւ ռազմական գործողությունների՝ Հայաստանի տարածք տեղափոխվելու սպառնալիքը, խուսափեց նոր պատերազմի մեջ մտնելուց Ադրբեջանի դեմ: Եվլախի հանդիպմանը եւ դրան հաջորդած շփումների ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է վերջնագիր՝ հինգ հոգուն ստանալու դիմաց մյուս հայերը կարող են հեռանալ Հայաստանի Հանրապետություն, իսկ նրանց փաստաթղթային ստուգումը Հակարիի կամրջի մոտ հեշտացված կարգով է լինելու:
Մեր հետագա հրապարակումներում կներկայացնենք, թե ինչպես է ստացվել, որ Կամո Վարդանյանը չի տարվել Բաքու, երբ նրա անունը կար հինգհոգանոց ցուցակում, փոխարենը՝ ադրբեջանական բանտում հայտնվել են պահանջված ցուցակում չներառված նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, բարձրաստիճան զինվորականներ Լեւոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը, ինչպես նաեւ մեկ այլ անձնավորություն, որը նույնպես տարվել է Բաքու, սակայն երկու օր անց վերադարձվել է:
Վերջնագիրը ստանալուց հետո Արցախի իշխանությունները Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Կամո Վարդանյանին եւ Դավիթ Բաբայանին տեղեկացնում են Բաքվի պահանջը: Քանի որ այդ օրերին Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում չէր, այլ Մարտակերտի Քոլատակ գյուղում, նա չի տեղեկացվել, նրա հետ կապ չի եղել:
Պարոն Վարդանյանը չէր կարող Արցախից հեռանալ, եթե անգամ նրան օգնության եւ ուղղաթիռով Սիսիան տեղափոխելու խոստում տված լինեին ռուսները: Այդպիսի խոստում տվել կամ նման ցանկություն ունեցել են ռուսները Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի դեպքում, բայց ոչ՝ Ռուբեն Վարդանյանի:
Ադրբեջանական պահանջին առաջինը հրապարակային արձագանքել է Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին տեղադրելով հետեւյալ գրառումը.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,
Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, եւ ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր եւ քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։
Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը եւ ամոքի նրա վերքերը»։
Դավիթ Բաբայանի այս գրառման մեջ շատ փոքր անճշտություն կա, որը, սակայն, որեւէ ձեւով չի փոխում իրերի դրությունը: Նա մեկնել է ոչ թե Շուշի, այլ կառավարության ընդունելությունների տուն՝ Լավանդա, հանդիպելու Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ:
Նախօրեին Բաբայանը նույն վայրում՝ Լավանդայում, առաջին հանդիպումն էր ունեցել Շադլինսկու հետ, որից հետո նա վերադարձել էր տուն:
Շարունակելի
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։