Նոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում եւ մի քանի ժամում ընդգրկել է 38 քառակուսի կիլոմետր տարածք։ Հայտնում է Reuters-ը։
Հրդեհը, որն անվանվել է «Հյուզ», սկսվել է հունվարի 22-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, Կաստայիկ լճի շրջանում, որը Լոս Անջելեսից 80 կիլոմետր հյուսիս է։
CNN-ի տվյալներով՝ տարածքը, որտեղ բռնկվել է հրդեհը, հիմնականում ծածկված է թփուտներով եւ արոտավայրերով, որոշ հատվածներում էլ՝ անտառներով։
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նոր հրդեհի ընդգրկվածությունը կրկնապատկվել է, որը համեմատելի է Լոս Անջելեսում վերջերս բռնկված երկու ավերիչ հրդեհներից մեկի՝ «Իթոնի» հրհեհի 66 տոկոսի հետ:
Իշխանություններն արդեն նախազգուշացրել են Կաստայիկ լճի շրջանի բնակիչներին, որ հրդեհը կարող է սպառնալ նրանց կյանքին: Լոս Անջելեսի շրջանային շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ մոտ 31,000 մարդու տարհանման հրահանգ է տրվել, իսկ 23,000-ին նախազգուշացվել է հնարավոր տարհանման մասին: Շերիֆի խոսքերով՝ տարհանվել են նաեւ Կաստայիկ լճի շրջանում տեղակայված բանտի կալանավորները։
Լոս Անջելեսի շրջանի հրշեջային ծառայության ղեկավար Էնթոնի Մարոնեն հայտարարել է, որ «Հյուզ» հրդեհի տեղայնացման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մոտ 4 000 հրշեջ։ Մարոնեի խոսքով՝ հրդեհը դեռեւս ոչ մի շինություն չի վնասել։
Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի շրջանում տարերային հրդեհները բռնկվել էին հունվարի 7-ին՝ չոր եղանակի պայմաններում: Այդ ժամանակ բռնկված հրդեհները հաջողվել էր տեղայնացնել միայն օրեր անց։ Զոհվել էր 28, եւ տարհանվել՝ 180 հազար մարդ։