ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստվում է առաջին պետական այցը կատարելու Պանամա։ Այդ մասին գրում են Politico-ն եւ Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Պարբերականներին աղբյուրները հայտնել են, որ բացի Պանամայից՝ Պետդեպարտամենտի ղեկավարը մտադիր է այցելելու նաեւ Գվատեմալա, Սալվադոր, Կոստա Ռիկա եւ Դոմինիկյան Հանրապետություն։
Politico-ի աղբյուրները հայտնել են, որ Մարկո Ռուբիոն իր ուղեւորության ընթացքում կկենտրոնանա անօրինական ներգաղթի եւ Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու վրա:
Bloomberg-ն էլ գրում է, որ Ռուբիոյի այցը նպատակ ունի ցույց տալու, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է նշյալ լատինաամերիկյան երկրների տարածքով անցնող անօրինական միգրացիան կասեցնելու խոստումներին։
Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հաստատել է Ռուբիոյի ուղեւորության մասին տեղեկությունները եւ նշել, որ Ռուբիոն որոշել է առաջին այցերը սկսել արեւմտյան կիսագնդից, քանի որ «սա այն տեղն է, որտեղ մենք ապրում ենք»։
«Մենք չենք շարունակի անտեսել տարածաշրջանը, ինչպես դա արել են մյուս վարչակազմերը: Մեր հարեւանների հետ ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի միգրացիայի, մատակարարման շղթաների եւ տնտեսական աճի համար»,- ասել է Բրյուսը։
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությանը հաջորդած ասուլիսում կրկնել է իր բազմիցս հնչեցրած այն հայտարարությունը, որ մտադիր է Պանամայի ջրանցքը վերադարձնելու ԱՄՆ-ի վերահսկողությանը, եթե չնվազեն այնտեղով անցնող առեւտրային նավերի եւ ռազմանավերի անցման ծախսերը։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ Պանամայի ջրանցքը կմնա իր երկրի մաս: