Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգային բոլոր հարցերին Հայաստանը լուծումներ է առաջարկել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Օրինակներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման է, եւ Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականն է։ Բացի դրանից՝ լուծումներ ենք առաջարկում բոլոր հարցերի՝ ե՛ւ խաղաղության պայմանագրի, ե՛ւ սահմանազատման, ե՛ւ մնացած այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարը նաեւ հավելել է, որ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ Երեւանի առաջնահերթությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայամանագրի նախագծում առկա երկու չհամաձայնեցված կետերի մասին հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ Երեւանն իր առաջարկները ներկայացրել է եւ սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի կետերից համաձայնեցված չեն երկուսը, եւ դրանք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան սահմանից երրորդ երկրների ուժերի ներկայության բացառմանը եւ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարմանը։ Նա միեւնույն ժամանակ կրկնել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջները։
Հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Սահմանադրության փոփոխության հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Սրան ի պատասխան՝ հունվարի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Երեւանը լուծումներ է առաջարկել Բաքվին, եւ դրական պատասխանի դեպքում հայկական կողմը պատրաստ է ստորագրելու պայմանագիրը: