Միջազգային քրեական դատարանի դատախազությունը Աֆղանստանի «Թալիբան» շարժման առաջնորդներին ձերբակալելու օրդեր է խնդրել։
«Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ «Թալիբանի» գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան եւ Աֆղանստանի Իսլամական Էմիրության գլխավոր դատավոր Աբդուլ Հակիմ Հաքքանին քրեական պատասխանատվություն են կրում մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք պայմանավորված են գենդերային հիմքով հետապնդումներով»,- ասվում է դատախազության տարածած հայտարարության տեքստում, որը մեջբերում է CNN-ը։
Հիշեցնենք՝ «Թալիբան» շարժումը Աֆղանստանում իշխանության է եկել 2021 թվականին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերը երկրից դուրս բերելուց հետո։ Իշխանափոխությունից հետո Աֆղանստանում կանանց իրավունքներին առնչվող իրավիճակը զգալիորեն վատթարացել է, ինչի մասին բազմիցս նշել են միջազգային կազմակերպությունները։
Աշխարհի որեւէ երկիր չի ճանաչել Աֆղանստանի նոր իշխանությունների լեգիտիմությունը, նշում է CNN-ը եւ հիշեցնում, որ սակայն, որոշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հարաբերություններ են պահպանում թալիբների հետ։
ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրներում կատարված հանցագործությունների վրա, միեւնույն ժամանակ մեղադրյալը կարող է լինել ցանկացած երկրի քաղաքացի: Աֆղանստանը համարվում է ՄՔԴ կանոնադրությունը վավերացրած կողմ։