Հայաստանը փորձում է հավասարակշռություն ստեղծել Եվրամիության, Ռուսաստանի եւ տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։
«Շատ կարեւոր են մեր հարաբերությունները Իրանի հետ։ Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ։ Բայց, մյուս կողմից, ես չեմ կարծում` դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նշելով, որ աշխարհում տեղ գտած նոր փոփոխությունները ե՛ւ նոր սպառնալիքներ են բերում, ե՛ւ նոր հնարավորություններ, Փաշինյանը ընդգծել է, որ Երեւանը փորձում է կառավարել սպառնալիքները եւ օգտագործել հնարավորությունները՝ չմոռանալով հավասարակշռության մասին։
«Բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետեւանքներ անվտանգության եւ կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլև տարածաշրջանի եւ գլոբալ կայունության համար, որովհետև որեւէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը եւ բալանսավորված լինելը ամենակարեւոր առաջադրանքն է»,-հայտարարել է ՀՀ վարչապետը։