Հայաստանը ցանկանում է Եվրամիությանը մոտ լինել, որովհետեւ ժողովրդավարություն է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկմանը՝ պատասխանելով հարցին, թե հունվարի 9-ին ԵՄ-ին անդամակցելու մասին ՀՀ Կառավարության օրինագծի ընդունումը ինչ նշանակություն ունի Երեւանի համար։
Փաշինյանը հիշեցրել է, որ օրինագիծը ներկայացրել էր քաղհասարակությունը, իսկ Կառավարությունը միայն հավանություն է տվել դրան։ Հավանական համարելով, որ այն կընդունվի նաեւ Ազգային ժողովի կողմից՝ վարչապետը նշել է․ «Սա իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը»։
«Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետեւ մենք ժողովրդավարություն ենք, եւ երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ, եւ եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։ Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել եւ ստորագրել»,- ասել է Հայաստանի Կառավարության ղեկավարը։
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, եւ որ երկրում են Եվրոպական քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները։ «Մենք այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում»,- հավելել է Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե, մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաեւ տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից՝ մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաեւ մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետեւ, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետեւ մեր սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ էին եւ շարունակում են փակ մնալ»,- ասել է հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարըԼ