Սլովակիայի պոպուլիստ սոցիալիստ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել երկրում «պետական հեղաշրջման» սպառնալիքի պատճառով. այս համատեքստում հիշել է Վրաստանն ու Ուկրաինան։ Ըստ գերմանական DW հեռուստաընկերության՝ նիստը նախատեսվում է անցկացնել այսօր՝ հունվարի 23-ին։
Ֆիցոյի խոսքով՝ «պետական հեղաշրջման» վտանգի մասին զգուշացրել են հատուկ ծառայությունները։ Սլովակիայի վարչապետը պնդում է, որ կա օրինական իշխանությունը տապալելու ծրագիր, որը ներառում է փողոցային բողոքի ցույցեր եւ վարչական շենքերի գրոհ՝ այլ երկրներում փորձարկված մոդելի համաձայն։
Առանց որեւէ մանրամասն կամ ապացույց ներկայացնելու՝ Ֆիցոն հրապարակավ հայտարարել է, թե Սլովակիայում գործում է տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող փորձագետների խումբ, որը մասնակցել է Վրաստանում եւ Ուկրաինայում (Մայդան) նման գործընթացներին։
Հունվարի 22-ին ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա», «Ազատություն եւ համերաշխություն» եւ «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցությունները կրկին դիմել են խորհրդարանին՝ Ֆիցոյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով։ Քվեարկությունը պետք է անցկացվի յոթ օրվա ընթացքում։ Սլովակիայի 150-հոգանոց խորհրդարանում երեք ընդդիմադիր կուսակցություններ ունեն 55 պատգամավոր։
Վարչապետ Ֆիցոյին անվստահություն հայտնելու հարցը պետք է քննարկվեր հունվարի 21-ի խորհրդարանի նիստում, սակայն ընդդիմությունը հետ վերցրեց միջնորդությունը եւ ի նշան բողոքի լքեց նիստն այն բանից հետո, երբ խոսնակը բավարարեց Ֆիցոյի դիմումը եւ որոշեց նիստն անցկացնել փակ դռների հետեւում։
Ընդդիմությունը վարչապետ Ֆիցոյին մեղադրում է հակաարեւմտյան արտաքին քաղաքականության համար, որը հանգեցրել է Սլովակիայի մեկուսացմանը, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու համար` պնդելով, որ թույլ չի տա երկրի թեքումը դեպի արեւելք:
Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ հաճախ է քննադատում Արեւմուտքին Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության եւ Ուկրաինային աջակցության համար:
Ֆիցոն եւ Օրբանն աջակցում են «Վրացական երազանք»-ին եւ նրա քաղաքականությանը, որը վերջերս ավելի ու ավելի է մեկուսացվել Արեւմուտքի կողմից:
Նորայր Միսկարյան