Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։
ՀՀ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցերի շուրջ։
«Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Ռուտտեն էլ կարեւորել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը՝ «ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ խաղաղության հաստատմանը ուղղված ջանքերին»։
Փաշինյանը նաեւ ներկայացրել է իր գլխավորած կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։