Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Սիրիայում եւ նրա շուրջը տիրող իրավիճակի զարգացման վերաբերյալ։ Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը»,- հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն` Ֆիդանն ու Լավրովը նաեւ «ընդգծել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի միավորման կարեւորությունը, որոնք կարող են իսկապես նպաստել Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը՝ հիմնված Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, էթնիկ եւ կրոնական պատկանելությունից»:
Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի եւ այլ հրատապ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։
Թուրքական կողմի փոխանցմամբ էլ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարները ընդգծել են Սիրիան ահաբեկչական կազմակերպություններից մաքրելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարեւորությունը։
Նշենք, որ Սիրիայում գործող ահաբեկչական կառույցների շարքում Անկարան դիտարկում է ինչպես միջազգային իսլամական ահաբեկչական կազմավորումները, ինչպիսին, օրինակ` «Իսլամական պետությունն» է, այնպես էլ քրդական աշխարհազորային «Սիրիայի ժողովրդական ուժերին» (YPG), որին համարում է դեռեւս 1980-ականներից թուրքական իշխանությունների դեմ զինված պայքար ծավալող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ենթաճյուղ։
Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քրդական կազմավորումները այլ ելք չունեն՝ բացի զենքերը վայր դնելուց։ Նրա խոսքերով՝ կա՛մ «զինյալները զենքերը վայր կդնեն, կա՛մ դրանց հետ կթաղվեն հողի տակ, երրորդ ճանապարհ չկա»։
Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողության հնարավորության մասին բաց տեքստով հունվարի սկզբին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ դա տեղի կունենա, եթե նրանք չկատարեն Անկարայի պահանջները։
Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։