Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաեւը աշխատանքային այցով ժամանել էր Երեւան եւ հադիպում ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` Կուլուբաեւի այցի շրջանակում ստորագրվել են «Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության միջեւ 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը» եւ «Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը»։
«Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին եւ աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը եւս շատ բարդ են: Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք»,- ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ այս այցը կարելի է «պատմական» որակել:
Ղրղզական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում համագործակցության ակտիվացմանը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ղրղզստանում։
«Ղրղզստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը ինտեգրացիոն ասոցիացիաների, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ներառյալ փոխադարձ աջակցությունը երկու երկրների թեկնածությունների առաջմղման հարցերում»,- ասվում է Ղրղզստանի արտգործնախարարության հայտարարության տեքստում։
Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական համագործակցության շրջանակում էական դեր կարող են խաղալ նոր լոգիստիկ ծրագրերը։ Նախարարի խոսքերով՝ ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանն է ջանքեր գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու։
«Այս առումով շատ կարեւոր, ուշագրավ եւ հետաքրքիր է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս»,- հայտարարել է Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ ղրղըզ գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում։