Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքներն արդեն սկսվել են։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապի միջոցով ունեցած ելույթում։
Թրամփն իր ելույթում նշել է, որ նավթի գները չափազանց բարձր են, եւ դա թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել Ուկրաինայի հետ հակամարտությունը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատերազմը դադարեցնելու նպատակով նավթի խոշոր արդյունահանողներին, մասնավորապես Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ի երկրներին, խնդրելու է մեծացնել արդյունահանման ծավալները եւ իջեցնել գները։
«Ես Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ին կխնդրեմ իջեցնել նավթի գինը։ Այն պետք է իջեցնել։ Եթե գինը իջնի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն անմիջապես կավարտվի»,- հայտարարել է Թրամփը։
Նավթի գինը այժմ 80 դոլար է մեկ բարելի դիմաց։ Թրամփի ելույթի ժամանակ նավթի գինը նվազել է մոտ մեկ դոլարով։
Թրամփը նաեւ ընդգծել է, որ Ալ-Ռիադն արդեն հայտարարել է ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլարի ներդրումների մասին։ Բայց, ըստ Սպիտակ տան ղեկավարի, այս թիվը պետք է տրիլիոնի հասցնել, քանի որ ԱՄՆ-ը «շատ բարի է եղել» Սաուդյան Արաբիայի նկատմամբ։
ԱՄՆ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինան «պատրաստ է գործարք կնքելու»։ Նախագահը մանրամասներ չի հայտնել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հնարավոր բանակցությունների մասին։
Նա հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի ԱՄՆ-ին ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում։ Նախագահը նշել է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերությունները «շատ լավ են»։
«Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի վրա՝ պատերազմն անհապաղ դադարեցնելու: Մենք դա կանենք Չինաստանի հետ»,- ասել է Թրամփը։
Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը հերթական անգամ դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ խնդրելով պաշտպանական ծախսերի իրենց մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։
Թրամփը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կրճատել իր միջուկային զինանոցները։ Նրա խոսքերով՝ Կրեմլը պաշտպանում է այս գաղափարը։
Թրամփը հունվարի 22-ին դիմել էր Պուտինին՝ խնդրելով «գործարք կնքել» եւ դադարեցնել պատերազմը։ ԱՄՆ նախագահի խոսքով, եթե Ռուսաստանը հրաժարվի, ապա Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր ու պատժամիջոցներ կսահմանի։ Նա մանրամասներ չի հայտնել իր առաջարկած «գործարքի» բովանդակության մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ կլինի Ռուսաստանի հետ բանակցություններին, եթե դրանք ընթանան «ամուր դիրքերից»։ Դրա համար Ուկրաինան, ըստ Զելենսկու, պետք է ստանա անվտանգության անհրաժեշտ երաշխիքները ԱՄՆ-ից։