Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ կապերն ու Սիրիայում տեղ գտած վերջին զարգացումները։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է Սիրիայի նոր կառավարիչների օրոք երկրի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւոր համարել բոլոր քաղաքական, էթնիկ եւ կրոնական խմբերի ներգրավմամբ ներառական կառավարության ձեւավորումը։
Իրանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելը մնում է Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը։
Բացի այդ՝ Արաղչին թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել Սիրիայի շիաներով եւ ալավիներով բնակեցված շրջաններում որոշ զինված խմբավորումների ձեռնարկած միջոցների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ:
Հեռախոսազրույցի մասին թուրքական կողմը դեռ տեղեկություններ չի հաղորդել։
Նախօրեին Ֆիդանը Սիրիային առնչվող հարցերը քննարկել էր նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։