Գյումրիում քաղաքապետի կընտրեն 2025 թվականի մարտի վերջին օրը: Իշխող կուսակցության թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով նախկին պատգամավոր, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի նախկին ղեկավար, այժմ արդեն ՔՊ կուսակցության անդամ Սարիկ Մինասյանը:
Վերջինս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած նախնական ընտրությունների արդյունքում:
Վարչապետը նախնական ընտրություններին մասնակից բոլոր յոթ թեկնածուների ներկայությամբ պաշտոնապես հաստատել է նշանակման մասին. «Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաեւ Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը»: Ըստ այդմ՝ առաջիկա ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կղեկավարի Սարիկ Մինասյանը:
Որքան մոտենում է ընտրությունների օրը, նոր՝ հանրությանը հայտնի եւ անհայտ անուններ են հայտնվում Գյումրու քաղաքապետ դառնալ ցանկացողների շարքում:
Արդեն հստակ կուսակցություններ եւ անձինք են հաստատել իրենց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում: Որ պայքարը թեժ եւ անզիջում է լինելու, արդեն ուրվագծվում է:
Գյումրին ղեկավարելու հայտ է ներկայացնելու հանրությանը հայտնի Դոգ մականվամբ Վարդան Ղուկասյանի կուսակցությունը: Նա հայտարարել է, որ պատրաստ է միանալու ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, նպատակով, որ իշխող ուժը դուրս մնա քաղաքի կառավարումից:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւս հստակ հայտարարել է, որ անպայման մասնակցելու է քաղաքապետի առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ իրեն հանրությունն է ստիպում, որ քաղաքի ղեկը կրկին ձեռքն առնի: Նա հայտարարել է, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի եղանակով չի համագործակցելու իշխող ՔՊ-ի հետ:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը եւս հայտարարել է, որ մասնակցելու են Գյումրու քաղաքապետի ընտրություններին, եւ իրենց ավագանու ցուցակում առաջինը լինելու է գյումրեցի Արտյոմ Ղարաղազարյանը: Թե ինչպես, ինչ ձևաչափով, առանձին, թե դաշինքով կգնան ընտրության, կուսակցության նախագահը դեռ չի հայտնել: Արտյոմ Ղարաղազարյանը եւս մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ մոտ օրերս անելիքները պարզ կլինեն, բայց ինքը հաստատ լինելու է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու:
Հանրությանը հայտնի մեկ այլ քաղաքական գործիչ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը եւս քաղաքում մեծ իրարանցումով ընդունեցին: Ընդդիմադիր պատգամավորի՝ ընտրություններին մասնակցելու լուրը գրասենյակից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են, ասել են՝ Գրիգորյանն ինքը կհայտնի իր որոշման մասին:
Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ունեցող այլ անուններ եւս շրջանառվում են, բայց դեռեւս հստակություն չկա:
Հիշեցնենք, որ Գյումրիում նոր քաղաքապետ ընտրելու պահանջն առաջացել էր անցած տարվա աշնանը: Ամեն ինչ սկսվել էր հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ՝ մասնակցելու հոր ծննդյան 70-ամյակին: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է բուժման նպատակով:
Ձերբակալման պատճառը «հին» էր, մեկ անգամ արդեն ՀՀ քննչական կոմիտեի կողմից բացված-փակված գործի շրջանակում. Բալասանյաններն իրենց պաշտոնավարման տարիներին սեփականաշնորհել էին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասը, որը հատուկ պահպանվող, պատմական եւ մշակութային արժեք էր:
Կարճ ժամանակ անց ձերբակալվելու հերթը հասնում է Գյումրու նախկին եւ ներկա փոխքաղաքապետներին: Իսկ երբ հայտնի է դառնում, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին նույնպես ձերբակալելու որոշում է կայացվել՝ «Սեւ բերդ» պատմամշակութային ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հարակից հողերը օտարելու մեղադրանքով, քաղաքում արդեն վստահ էին, որ այս ամենից «իշխանափոխության հոտ է գալիս»: Չսխալվեցին. այդպես էլ եղավ: Քաղաքի կառավարումից հրաժարվեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր թիմով, «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներն էլ վայր դրեցին մանդատները:
Բալասանյանականները հեռացան լուռ, առանց բառ ասելու եւ պատճառները բացատրելու: Նրանցից այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ հեռանալը ճնշմա՞ն հետեւանքով էր, թե՞ վիրավորանքի, ինչն էլ քաղաքում առիթ տվեց ենթադրելու, որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը. Գյումրիում վստահ են՝ սա պարզապես գործարք էր:
Համառորեն լռող, հեռացող թիմը խոստացել էր գոնե հայտարարությամբ հանդես գալ, իր ընտրողին բացատրություն տալ, բայց խոստացած հայտարարությունն այդպես էլ չեղավ:
Ով կընտրվի Գյումրու նոր քաղաքապետի պաշտոնում, հստակ կանխատեսելն անհնար է, բայց որ ընտրապայքարն իրոք թեժ է լինելու, հաստատ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։