Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած կառույցի վերաբերյալ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՀԱԾ) հայտարարությանը, այնուամենայնիվ, Երեւանին համարում է իր դաշնակիցը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրից ստացած տեղեկությանը։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին հրապարակած զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։ Ըստ գերատեսչության` սա նշանակում է, որ «անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ եւ հետեւությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։
«Կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարությանը։ Այնուամենայնիվ, մենք Հայաստանը դեռ համարում ենք դաշնակից եւ շարունակում ենք աշխատել Երեւանի հետ»,-ՏԱՍՍ-ին ասել է զրուցակիցը։
Մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։