Սպասվում է, որ առաջիկայում Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ԵՄ անդամակցության օրենքի վերաբերյալ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում մեկնարկած քննարկումների ժամանակ։
Դեռեւս 2023-ին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինելու Եվրամիությանը այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
Արդեն ընթացիկ տարվա հունվարի 9-ին էլ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին միանալու մասին «Եվրաքվեի» առաջարկած օրենքի նախագծին։ Նշենք, որ սրան էլ նախորդել էր «Եվրաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
Նախօրեին Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ մեծ հավանականությամբ Ազգային ժողովը ԵՄ-ին ինտեգրվելու մասին օրինագիծը նույնպես կվավերացնի, ինչը, վարչապետի համոզմամբ, կնշանակի, որ իրավաբանորեն Երեւանը սկսում է Եվրամիությանը էլ ավելի մոտ լինելու գործընթացը։