Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաեւ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե սահմանային կարողությունների ամրապնդման աջակցությունը ինչ է նշանակում գործնականում։
«Պետքարտուղարի նշած հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որեւէ զգայուն ասպեկտի։ Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք պետք է կարողանանք մեր սահմանն ինքներս վերահսկել»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Մեկ այլ հարցի, թե այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է առհասարակ, որ ռուս սահմանապահները դուրս գան, փոխարտգործնախարարը պատասխանեց․ «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկելու իր սահմանները»։
Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Արարողությունից հետո Բլինքենը հայտարարեց, որ ՀՀ-ի հետ աշխատում են ինքնիշխանության եւ սուվերեն տարածքի պաշտպանությանն ուղղված ջանքերի ամրապնդման ուղղությամբ՝ նշելով, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային եւ սահմանային պարեկային թիմ կուղեւորվի Հայաստան։ Այս թիմը հայ գործընկերների հետ աշխատելու է սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
Հիշեցնենք՝ 2024-ի օգոստոսի 1-ից Հայաստանի դիմումի հիման վրա ռուս սահմանապահները դուրս բերվեցին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին էլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցակետում սահմանապահ վերահսկողություն իրականացնելու են ոչ թե ռուս սահմանապահները, այլ Հայաստանի սահմանապահ զորքերը։