Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խոսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլը սպասում է ամերիկյան կողմի համապատասխան ազդանշաններին։
«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են։ Հետեւաբար այստեղ սուրճի մնացորդներով գուշակություններ անելու կարիք չկա։ Երբ ինչ-որ բան տեղի ունենա, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ հակադարձել է Թրամփի այն հայտարարությանը, որ նավթի գների իջեցումը կարող է ստիպել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։
«Այս հակամարտությունը բխում է Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներից, հայտնի տարածքներում ապրող ռուսներին սպառնացող վտանգներից եւ ամերիկացիների ու եվրոպացիների՝ Ռուսաստանի մտահոգությունները լսել չցանկանալուց եւ դրանից լիովին հրաժարվելուց»,- հայտարարել է Պեսկովը։
Անդրադառնալով Թրամփի այն հավաստիացումներին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստ է «գնալու գործարքի»՝ Պեսկովը նշել է, որ Կրեմլում այդպես չեն կարծում։
«Զելենսկին չի կարող պատրաստ լինել «գործարքի», կամ գուցե ավելի նպատակահարմար կլիներ այստեղ օգտագործել «կարգավորում» բառը։ Որովհետեւ կարգավորման հասնելու համար պետք է բանակցություններ վարել։ Իր հրամանագրով Զելենսկին ինքն իրեն արգելել է բանակցել»,- նշել է Պեսկովը։