Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։ Նրա հետ հանդիպել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության տնօրեն Մուջթհաբ Դեմիրչիլուն եւ բողոքի նոտա ներկայացրել՝ կապված Ադրբեջանում ուսանող իրանցիների նկատմամբ որոշ շրջանակների անբարո գործողությունների հետ։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Դեմիրչիլուն միջադեպը որակել է «երկու ժողովուրդների հարաբերությունը վնասող արարք» եւ կոչ արել «քայլեր ձեռնարկել նման բացասական գործողություններ նախաձեռնողների և դրանց հեղինակների դեմ»։
Իրանցի դիվանագետը նաեւ նշել է, որ Թեհրանի համար անընդունելի է հոգեւորականների եւ կրոնական առաջնորդների արժանապատվության դեմ ցանկացած քայլ՝ ընդգծելով, որ այդ ամենը կանխելու համար անհրաժեշտ է զգոնություն դրսեւորել եւ վճռական գործողությունների դիմել։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել այդ հարցը փոխանցել իր երկրի իշխանություններին։
Ավելի վաղ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ վերջին օրերին բժշկական համալսարանների 10 իրանցի ուսանող է արտաքսվել «անբարո վարքի պատճառով»։