Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Դեռեւս 2023-ին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինելու Եվրամիությանը այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
Արդեն ընթացիկ տարվա հունվարի 9-ին էլ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին միանալու մասին «Եվրաքվեի» առաջարկած օրենքի նախագծին։ Նշենք, որ սրան էլ նախորդել էր «Եվրաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
Նախօրեին Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ մեծ հավանականությամբ Ազգային ժողովը ԵՄ-ին ինտեգրվելու մասին օրինագիծը նույնպես կվավերացնի, ինչը, վարչապետի համոզմամբ, կնշանակի, որ իրավաբանորեն Երեւանը սկսում է Եվրամիությանը էլ ավելի մոտ լինելու գործընթացը։