Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, սակայն դրա համար խոչընդոտներ է ստեղծում Կիեւը։ Այդ մասին Մոսկվայի պետական համալսարան կատարած այցից հետո Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք միշտ ասել ենք եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ պատրաստ ենք այս բանակցություններին ուկրաինական հարցի շուրջ»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Բայց այստեղ էլ կան հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Օրինակ, ինչպես հայտնի է, Կիեւի ռեժիմի ներկայիս ղեկավարը, երբ նա դեռ պետության լեգիտիմ ղեկավար էր, հրամանագիր ստորագրեց, որով արգելում էր բանակցությունները»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նշենք, որ այսօր նույն միտքը հնչեցրել էր նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլում դեռ չեն կարծում, որ Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելեսնկին պատրաստ է բանակցությունների, քանի որ «իր հրամանագրով Զելենսկին ինքն իրեն արգելել է բանակցել»։
Պուտինը Զարուբինի հետ զրույցում նաեւ համաձայնել է Թրամփի այն հայտարարությանը, որ եթե 2022-ին լիներ ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա Ուկրաինայի պատերազմը կարող էր եւ չսկսվել։
«Չեմ կարող չհամաձայնել նրա հետ այն հարցում, որ եթե նա լիներ նախագահ, եթե 2020-ին նրանից չխլեին հաղթանակը, ապա Ուկրաինայում կարող էր եւ չառաջանալ այն ճգնաժամը, որը սկսվեց 2022 թվականին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։