Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում Արեւմուտքի գործողությունների պատճառով, որը մեծացնում է Երեւանի վրա գործադրվող ճնշումը եւ հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայման։ Այդ մասին ասվում է լրատվամիջոցների հարցերին ուղղված Ռուսաստանի արտգործնախարարության պատասխանում։
«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Սա շատ առումներով հետեւանք է Արեւմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդելու ավանդական կապերը Ռուսաստանի հետ եւ պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Ցավոք, հանրապետությունում հաճախ դրական են արձագանքել Հայաստանի համար Ռուսաստանին իրենցով փոխարինելու ԱՄՆ-ի եւ Եվրամիության ոչնչով չհիմնավորված խոստումներին։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ տնտեսական բարեկեցության բանալին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ Մոսկվան բազմիցս է հայտնել հայկական կողմին, որ ո;չ Վաշինգտոնը, ո;չ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի եւ շահերի մասին։
«Երեւանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին»,- նշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան միշտ արժեւորել է եւ շարունակում է գնահատել Երեւանի հետ եղբայրական հարաբերությունները։
«Մենք հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից եւ դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք երկկողմ մակարդակով եւ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում ձեւավորված առեւտրատնտեսական եւ ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ կնքված համաձայնագրերի ամբողջ շրջանակին»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։