Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում Կարմիր խաչին է հանձնել չորս իսրայելցի կին պատանդների։ Գործընթացը հեռարձակել է Կատարի «Ալ-Ջազիրան»։
Ազատ են արձակվել 2- ամյա Նաամի Լևին, Կարինա Արիևը, Դանիել Գիլբոան և 19-ամյա Լիրի Ալբագը։ Նրանք բոլորը զինվորականներ են եւ պատանդ էին տարվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։
Պատանդների տեղափոխումը տեղի է ունեցել Գազա քաղաքի «Պաղեստինի» հրապարակում։
Իսրայելն էլ ի պատասխան ազատ կարձակի 200 պաղեստինցի բանտարկյալների։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրանցից 70-ը կարտաքսվեն Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից։ Նրանց մի մասը կուղարկվի Եգիպտոս, մյուս մասը՝ Ալժիր, Կատար կամ Թուրքիա։
Ուրբաթ՝ հունվարի 24-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ստացել է պատանդների ցուցակը, որոնք ՀԱՄԱՍ-ը խոստացել էր ազատ արձակել: Իսրայելի իշխանությունները այս ցուցակը համարել են պայմանավորվածությունների խախտում, քանի որ համաձայնագրով ՀԱՄԱՍ-ը նախ պետք է ազատ արձակեր բոլոր քաղաքացիական պատանդներին, ապա՝ կին զինվորներին:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել երեք իսրայելցի կանանց՝ 24-ամյա Ռոմի Գոնենին, 28-ամյա Էմիլի Դամարիին եւ 31-ամյա Դորոն Շտայնբրեխերին։
Ընդհանուր առմամբ սպասվում է, որ համաձայնագրի իրագործման առաջին փուլում, որով Գազայում հաստատվում է 42 օր տեւող հրադադար, ՀԱՄԱՍ-ը 97 պատանդներից ազատ կարձակի 33-ին, իսկ Իսրայելը՝ 1000-ից ավելի բանտարկյալի։