ԱՄՆ Սենատը Fox News-ի նախկին հաղորդավար Փիթ Հեգսեթին հաստատել է երկրի պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի պաշտոնում, գրում է The New York Times-ը։ Նրա թեկնածությունը առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
Հեգսեթի թեկնածությունը պաշտպանել է 50 սենատոր, նույնքան էլ՝ դեմ քվեարկել։ Ինչպես բացատրում է The New York Times-ը, 47 դեմոկրատներ, ինչպես նաեւ երեք հանրապետականներ՝ Ալյասկայի սենատոր Լիզա Մուրկովսկին, Մեն նահանգից սենատոր Սյուզան Քոլինզը և Կենտուկիի սենատոր Միթչ Մակքոնելը, դեմ են արտահայտվել Հեգսեթի նշանակմանը:
Հեգսեթի օգտին որոշիչ ձայնը տվել է ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը:
Մեկ ձայնի տարբերությամբ պաշտոնի նշանակումը Պենտագոնի ղեկավարի համար ամենավատ արդյունքն է 1947 թվականին պաշտոնի ստեղծման պահից ի վեր, նշում է The New York Times-ը:
Փիթ Հեգսեթը ծնվել է 1980 թվականին։ Նա ծառայել է Գուանտանամոյում, Իրաքում և Աֆղանստանում: 2014 թվականին հայրենիք վերադառնալուց հետո Հեգսեթը համագործակցում է պահպանողական Fox հեռուստաալիքի հետ։ Նա հրապարակայնորեն արդարացրել է Գուանտանամոյի բանտում կալանավորների խոշտանգումները, իսկ Թրամփի նախագահության առաջին ժամկետում նրան կոչ արել ներում շնորհել Աֆղանստանում խաղաղ բնակիչների սպանության համար մեղադրվող ամերիկացի զինվորներին:
Politico-ն գրում է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար Հեգսթի ընտրությունը «ցնցել է» Վաշինգտոնի պաշտոնյաներին, որոնք ակնկալում էին, որ ռազմական գերատեսչությունը կգլխավորի ազդեցիկ կոնգրեսական կամ առնվազն պաշտպանական քաղաքականության փորձ ունեցող մեկը: