Սեւանա լճում, ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ ձկնորսությունն արգելված էր։ Բայց, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ հնարավոր չի եղել խուսափել ձկնագողությունից։ Սիգի ձվադրման պատճառով որսի արգելքի ժամկետն ավարտվել է, բայց դեռ որս անել չի կարելի: Բանն այն է, որ 65-օրյա հսկողությունը տեսուչները գոհացուցիչ են համարել․ այդ ընթացքում առգրավել են 2784 կգ ձուկ: Այս տարի առաջին անգամ հսկողությունն իրականացվել է նաեւ գիշերային տեսանելիության սարքերով ու դրոններով:
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է՝ առգրավված ձուկը հանձնել են ծերանոցներին, մանկատներին, զորամասերին եւ այլ հաստատությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
Ստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել եւ առգրավվել են 61 լողամիջոց, 908 ձկնորսական ցանց, 119 խեցգետնորսիչ 3 լողամիջոցի շարժիչ։ Հարուցվել են 72 վարչական եւ 25 քրեական վարույթ։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 12 844 540 դրամ։
Սեւանա լճի էկոլոգիական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
Վերջին տասը տարվա ընթացքում ձկնապաշարի անկում է նկատվում։ Թեեւ ամեն տարի պարբերաբար մանրաձուկ է լցվում Սեւանա լիճ, որպեսզի ձկնապաշարի նվազման պրոցեսը կանխվի, բայց հարցն այդպես էլ չի լուծվում։ Ջրի էկոլոգիայի վիճակը տարեցտարի վատանում է․ լճից ջուր է բաց թողնվում, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, ջրիմուռները շատանում են, եւ Սեւանը կանաչում է: Բազմաթիվ բնակավայրերից հավաքված կոյուղաջրերը, տոքսիկ նյութերը լցվում են լճի մեջ, իսկ այդ պայմաններում ձկնապաշարի ավելացում ակնկալելն իրատեսական չէ։
Ջրիմուռների ծաղկման ժամանակահատվածում այդ տարածքում եղած ջրային կենդանիներն ամբողջովին վերանում են։ Միայն ձկներն են, որ շարժուն են ռւ խուսափում են այդ տեղերից, սակայն, այդուամենայնիվ, ջրիմուռների վնասակար նյութերն ազդում են նրանց կերակրաբազայի, ձվադրման վայրերի վրա։
Կոյուղուց լիճը լցվող օրգանական նյութերը քայքայվելով թթվածին են օգտագործում, այս գործընթացն էլ բացասաբար է ազդում կենսաբազմազանության վրա։ Այդ օրգանական, կենսածին տարրերը պիտի հասցվեն նվազագույնի, որպեսզի ջրի որակը, կենսաբազմազանությունն ու էկոհամակարգը նորմալ վիճակում լինեն։ Հիմնականում ֆոսֆորն է նպաստում լճի ծաղկմանը՝ ջրիմուռների, այդ թվում՝ տոքսիկ կապտականաչ ջրիմուռների առաջացմանը։ Այսինքն՝ կեղտաջրերում առկա կենսածին տարրերը հանգեցնում են լճի ծաղկման ավելացմանը։ Հետեւաբար անհրաժեշտ է ոչ միայն մեխանիկական, այլեւ կենսաբանական մաքրում, այսինքն՝ պետք է ջրի մեջ լուծված քիմիական տարրերի մաքրում իրականացվի։
Մաքրման կայանների աշխատելու դեպքում Սեւանա լճի ծաղկումը նկատելիորեն կքչանա, այսինքն՝ կնվազեն թունավոր ջրիմուռները, որոնք բացասաբար են ազդում կենսաբանական և բուսական աշխարհի վրա։
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, տեղեկացրել է, որ Սեւանա լճի ամենամեծ բնապահպանական խնդիրներից կարելի է համարել լճի ջրհավաք ավազանից եւ ներլճային շարունակական աղտոտումը, ինչպես նաեւ կենսառեսուրսների կրճատումը:
Այդ խնդիրների լուծման համար գիտնականներն առաջարկում են կրճատել կամ կանխել ջրհավաք ավազանի բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումների միջոցով կենսածին նյութերի ներթափանցումը լիճ։ Դա հնարավոր է իրականացնել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցմամբ եւ շահագործմամբ․ գոնե խոշոր բնակավայրերում հարկավոր է սահմանափակել հանգստյան գոտիներից կենսածին նյութերի ներթափանցումը լիճ՝ խիստ հսկողություն սահմանելով։
«Անհրաժեշտ է նաեւ աստիճանաբար նվազեցնել հատակային նստվածքներից կենսածին նյութերի ջրային միջավայր անցումը՝ ապահովելով ջրի մակարդակի կայուն բարձրացում եւ հիպոլիմնիոնային պաշտպանիչ շերտի վերականգնում։ Հարկավոր է կանխել կամ նվազեցնել ներլճային կենսաբանական գործընթացներով, մասնավորապես՝ սննդային շղթայի խախտմամբ պայմանավորված աղտոտումները՝ վերականգնելով խեցգետնային եւ ձկնային պաշարները»,- մանրամասնում է Սարգիս Աղայանը։
Խոսելով Սեւանա լիճ լցվող կեղտաջրերի մասին՝ Սարգիս Աղայանը բացատրում է՝ վերջին տարիներին Սեւանա լճում ակտիվացել են էվտրոֆացման գործընթացները (ընդհանուր առմամբ սկիզբ են առել 1930-ականներից)։ Էվտրոֆացում նշանակում է ճահճացում, այսինքն՝ օրգանական նյութի ավելացում լճում, որը տեղի է ունենում ինչպես արտաքին աղտոտման, այնպես էլ ներլճային աղտոտման հետեւանքով։
«Էվտրոֆացման (ճահճացման — հեղ․) հիմնական գործոններից են լճի ջրհավաք ավազանի բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումները, որոնք հանգեցնում են օրգանական եւ կենսածին նյութերով լճի աղտոտման: Ընդհանրապես էվտրոֆացող (ճահճացող) լճերում տեղի է ունենում առաջնային արտադրողների (պրոդուցենտների) քանակական ավելացում, ջրային կենսաբազմազանության անկում, կենսահամակեցություններում էկոլոգիապես անբարենպաստ այլ փոփոխություններ»,- նշում է Սարգիս Աղայանը։
Վերջին յոթ տարվա ընթացքում Սեւանա լճում ամռանը հաճախ են դիտվում ցիանոբակտերիային զանգվածային ծաղկումներ, սակայն որոշ տարիների, այդ թվում՝ 2024-ին, ծաղկումները թույլ են արտահայտվել կամ չեն դրսեւորվել: Սեւանա լճում դիտվող ցիանոբակտերիային ծաղկումները կամ ժողովրդական լեզվով ասած՝ կանաչելը մարդածին էվտրոֆացման գործընթացների արդյունք է, ուստի պետք է աշխատանքներ իրականացնել էվտրոֆացման գործընթացների (ճահճացման) կանխարգելման ուղղությամբ:
Արդյո՞ք Սեւանա լիճ լցվող կեղտաջրերի ամբողջ ծավալը մաքրման փուլ է անցնում
Սեւանա լիճ լցվող կեղտաջրերի ամբողջ ծավալը մաքրման փուլ չի անցնում: Մեխանիկական մաքրում անցնում են միայն Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքների կոմունալ-կենցաղային կեղտաջրերը, իսկ կենսաբանական՝ միայն լճի առափնյա հատվածում գտնվող որոշ տնտեսվարողների գործունեությունից գոյացած կեղտաջրերը:
Ըստ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման 2025 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի՝ շարունակվում են գյուղական առափնյա համայնքների մաքրման կայանների (լոկալ, կենսաբանական) տեղադրման աշխատանքները։ Նախատեսվում է նաեւ կենսաբանական մաքրում կատարող կայաններ ստեղծել․ հիմա նախագծման աշխատանքներ են ընթանում:
Որոշ բնապահպաններ Սեւանա լիճը բնութագրում են որպես «մեռնող լիճ», «ճահճացող լիճ»․ փորձեցինք այս պնդումների վերաբերյալ ստանալ մեկնաբանություն նաեւ Սարգիս Աղայանից։
Նա հիշեցրեց՝ վերջին տարիներին լճում ակտիվացել են էվտրոֆացման (ճահճացման) գործընթացները, որոնք սկիզբ են առել դեռեւս 1930-ականներին՝ մարդածին ազդեցությամբ:
«Չնայած լճում տեղի ունեցող մարդածին ճահճացման գործընթացներին՝ կարծում ենք «մեռնող լիճ» ձեւակերպումն այս պահին խիստ բնութագրիչ է: Ընդհանրապես բոլոր լճերը ենթարկվում են բնական էվտրոֆացման կամ ճահճացման, որը բավականին երկարատեւ գործընթաց է, սակայն մարդածին ազդեցության հետեւանքով էվտրոֆացումն ավելի արագ է ընթանում»,- բացատրում է Աղայանը։
Վերջին տարիներին Սեւանա լիճ է լցվում մանրաձկան որոշակի քանակ։ Արդյո՞ք մանրաձկան այդ քանակը բավական է Սեւանում առկա բնապահպանական որոշակի խնդիրներ լուծելու համար․ Սարգիս Աղայանն ասում է՝ վերջին տարիներին Սեւանա լիճ են լցվում Սեւանի իշխանի մանրաձկներ, ընդ որում՝ տարեցտարի ավելի մեծ քանակներ՝ ստեղծելով հնարավորություն լճում այս ձկնատեսակի պաշարների ավելացման: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս ձկնատեսակի էկոլոգիական վիճակի առումով դեռեւս առկա են գործոններ, որոնք խոչընդոտում են դրա պահպանությունը եւ բնական վերարտադրությունը:
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ վերջին 3 տարվա ընթացքում լճի ջրի մակարդակն ունեցել է ինչպես դրական, այնպես էլ բացասական տարեկան բալանս, սակայն ամբողջ ժամանակահատվածի համար գրեթե փոփոխություն տեղի չի ունեցել: 2021 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ լճի մակարդակը եղել է 1900,45 մետր, 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 1900,31 մետր, 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 1900,18 մետր, իսկ 2024-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 1900,41 մետր:
Լողի սիրահարներից շատերին հետաքրքիր է՝ արդյո՞ք կարելի է լողալ Սեւանա լճում, թե՞ դրանում կան թունավոր նյութեր, որոնք կարող են վնասել մարդու առողջությունը։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից տեղեկացնում են՝ ընդհանուր առմամբ կարելի է լողալ Սեւանա լճում, սակայն վերջին տարիներին հաճախակի դիտվող ցիանոբակտերիային ծաղկումների ժամանակ առողջապահական տեսանկյունից խորհուրդ չի տրվում լողալ հատկապես բակտերիաների մեծ կուտակումներով վայրերում:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։