Երեւանը հետախուզական տվյալներ ունի, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմը հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ արձագանքելով Կառավարությանն ուղղված այն քաննադտական կարծիքին, թե Երեւանը ոչինչ չի անում Բաքվում պահվող հայ գերիներին վերդարձնելու համար, քանի որ նարնց դիտարկում են որպես քաղաքական հակառակորդներ։
Նշելով, որ հայ գերիներից որեւէ մեկին իր քաղաքական հակառակորդը չի համարում, Փաշինյանը ընդգծեց․ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, այլեւ նաեւ օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիա հրահրելու համար։
«Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»,-հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Նրանց թվում են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բաքո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին, որը նախատեսված է հունվարի 27-ին։