Տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս գտնվող որոշ ուժեր խնդիր են դրել նոր էսկալացիա հրահրելու։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ իր կառավարության ռազմավարությունը նոր հակամարտություն թույլ չտալն է։
«Մեր ռազմավարությունը հետեւյալն է, որ մենք թույլ չտանք էսկալացիա, եւ մենք ստեղծենք եւ արձագանքենք ամեն ինչին այնպես, որը բացառվի էսկալացիան, որը բացառի պատերազմը կամ առնվազն՝ դրա, լեգիտիմություն ասածն այդքան էլ ճիշտ չի արտահայտում, դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը: Եվ ես կարծում եմ, որ այն, որ 2024 թվականին մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է նաեւ այս ռազմավարության հետ»,-հայտարարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ 2025 թվականի սկզբից Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի հանդեպ առավել զրպարտող ու սպառնալից հայտարարություններ է հնչեցնում։ Այսպես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հունվարի 8-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, որ Հայաստանն «ըստ էության ֆաշիստական պետություն է» եւ սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։
«Կա՛մ այն [ֆաշիզմը] կվերացնի Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չունենք»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։