Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկել է ադրբեջանական գազի տարանցման համար ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման հարցը։
«Գազի հետ կապված՝ Իլհամ Ալիեւի հետ զրուցել ենք Շվեյցարիայում, նա գազի մեծ արդյունահանում ունի։ Նա գազի արտահանման մեծ ներուժ ունի։ Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը, եթե Եվրոպան գազի կարիք ունենա։ Բայց ոչ ռուսական գազը»,- ասել է Զելենսկին՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Կիեւում կայացած հանդիպումներից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով՝ Ուկրաինան կարող է արագ կազմակերպել ադրբեջանական գազի տարանցումը։
«Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ադրբեջանցիները փող աշխատեն։ Հաճույքով։ Օգնե՞լ սլովակներին: Հաճույքով։ Ահա թե ինչ կարող ենք մենք արագ անել։ Մենք կարող ենք պայմանագիր կնքել եւ գործերը արագ կազմակերպել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ալիեւը հանդիպել է Զելենսկու հետ։
Նշենք նաեւ, որ ռուսական գազը դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով դադարեցնելու հետ կապված լուջ հակասություններ են առաջացել հարեւան Սլովակիայի հետ։ Զելենսկու խոսքերով՝ ստեղծված իրադրությունը կարգավորելու համար Սլովակիային առաջարկել է փոխհատուցել ռուսական գազի տարանցման դադարեցման պատճառով առաջացած կորուստները եւ մատակարարել ցանկացած գազ, բայց ոչ ռուսականը։ Այս առաջարկը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մերժել է։
Ադրբեջանական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա հասցնելու պատրաստակամության մասին Կիեւից հայտարարել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին։