Բելառուսում այսօր՝ հունվարի 26-ին` 8:00-ին, բացվել են նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, հայտնում է Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Բացի յոթերորդ անգամ անընդմեջ առաջադրվող գործող նախագահից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից, քվեաթերթիկում կա եւս չորս թեկնածուի անուն` «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Օլեգ Գայդուկեւիչը, «Աշխատանքի եւ արդարադատության հանրապետական կուսակցության» նախագահ Ալեքսանդր Խիժնյակը, գործարար Աննա Կանոպացկայան եւ «Կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` արտահերթ քվեարկության ժամանակ, որը տեւել է 5 օր, մասնակցությունը կազմել է 41,81 % ։
Քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Բելառուսում կայանալիք քվեարկությունը ժողովրդավարական չի համարում։
«Ինչ վերաբերում է Բելառուսի ընտրություններին, ապա սա բացարձակապես ոչ ժողովրդավարական իրադարձություն է։ Ընտրություններն ամբողջապես ձեւական բնույթ ունեն։ Դրանք ընտրություններ չեն, երբ նախապես գիտես, թե ով է հաղթելու»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Անիտա Հիփերը։
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան նույնպես հայտարարել է, որ ո՛չ բելառուսները, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն ճանաչի, այսպես կոչված, ընտրությունների արդյունքները։