Իսրայելը Գազայի հատվածի բնակիչների համար բացել է դեպի շրջանի հյուսիս տանող ճանապարհները։ Իսրայելական կողմի այս քայլը հաջորդում է մինչեւ հունվարի 31-ը պատանդառված Արբել Յահուդին եւ եւս երկու անձանց ազատ արձակելու մասին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման տված խոստմանը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Արաբական եւ միջազգային լրատվականների հրապարակած ուղիղ հեռարձակման կադրերը ցույց են տալիս, որ հազարավոր պաղեստինցիներ, հիմնականում ոտքով, շարժվում են դեպի Գազայի հատվածի հյուսիս, նրանք ստիպված են եղել լքել իրենց տները ավելի քան մեկ տարի առաջ, երբ Իսրայելը ռազմական գործողությունը սկսեց ՀԱՄԱՍ-ի դեմ։ Հաղորդվում է, որ շինությունների ու շենքերի զգալի մասը, հատկապես հատվածի հյուսիսում, ավերված են, եւ մարդիկ փաստացիորեն վերադառնում են ավերակներ։ Սպասվում է, որ Գազայի հյուսիս կվերադառնա մոտ 650 հազար բնակիչ։
Գազայի բնակիչների համար հյուսիս տեղափոխվելու ուղիների բացումը նախատեսված էր հունվարի կեսերին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման մասին ձեռք բերված համաձայնագրով: Սակայն շաբաթ օրը, երբ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց իսրայելցի կին զինվորական պատանդներին, Իսրայելը հայտարարեց, որ պաղեստինյան շարժումը խախտել է համաձայնագրի դրույթները եւ չի ազատել քաղաքացիական Ադել Յահուդին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Գազայի բնակիչներին չի թույլատրի տեղափոխվել Գազայի հյուսիսային հատված, քանի դեռ պատանդառված Յահուդի ազատագրումը չի կազմակերպվել։ ՀԱՄԱՍ-ը ավելի ուշ միջնորդներին տեղեկացրել էր, որ պատանդառվածը ողջ է եւ ազատ կարձակվի հաջորդ շաբաթ օրը: Նրա հետ, ըստ տեղեկությունների, ազատ կարձակվեն զինծառայող Ագամ Բերգերը եւ եւս մեկ պատանդ: