Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ սիրախաղով կկործանի իր երկիրը։ Այսպիսի հայտարարություն նախօրեին հնչեցրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նախագահական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում։
«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ, լսե՛ք, [սա] շատ վտանգավոր խաղ է։ Նա կկործանի Հայաստանը, հանգստացրե՛ք էդտեղ իրեն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Մեկնաբանելով նաեւ Երեւանի այն հայտարարությունները, թե 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմի նախապատրաստման հարցում Բելառուսը աջակցել է Ադրբեջանին՝ Լուկաշենկոն նշել է․ «Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, թեեւ այդ պահին [Ադրբեջանի նախագահ] Իլհամը [Ալիեւը] պատրաստ էր համաձայնելու, որ դա մի տարածք էր, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կարող է ունենալ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հարաբերությունները լարվեցին մայիսին նախագահ Լուկաշենկոյի Բաքու կատարած այցից հետո։ Լրագրողների հետ զրույցում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ հանգել էին եզրակացության, որ Արցախյան հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Սրան հաջորդեց ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ երկու պետություն գիտի, որոնք իր համոզմամբ աջակցել են Ադրբեջանին պատերազմի նախապատրաստական փուլում, որոնցից մեկը հենց Բելառուսն է եղել։
Արդեն հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։
Ավելի ուշ Երեւանից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարեց նաեւ Բելառուսը։