Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կիրակի կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահների մամուլի ծառայությունները։
«Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում աշխատանքի եւ ծրագրերի իրականացման մեջ»,- ասվում է բելառուսական կողմի հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են Լուկաշենկոյի Բաքու կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ հաստատել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելու հանձնառությունը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ էլ Ալիեւն ու Լուկաշենկոն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով։
Հիշեցնենք՝ Բելառուսում նախօրեին կայացած ընտրությունների արդյունքներով նախագահի պաշտոնում յոթներորդ անգամ ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա հավաքել է 86, 8 % քվե։ Լուկաշենկոյի մրցակիցներից ամենաշատ ձայները հավաքել է «Կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%։