Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը այսօր՝ հունվարի 27-ին, Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կոստանյանը փոխանցել է Հայաստանի Կառավարության հանձնառությունը սիրիական կողմի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:
«Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար եւ բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաեւ Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը շեշտել են Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա պատմական ամուր կապերը, եւ որ այս համատեքստում «աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձեւավորմանն ու ներառականությանն ուղղված ջանքերին»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։